15 ապրիլի 2022 - 17:18 AMT
Լավրովն ու Միրզոյանը քննարկել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները

ՌԴ և Հայաստանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Արարատ Միրզոյանն ապրիլի 15-ին հեռախոսազրույցում քննարկել են Մոսկվայի աջակցությամբ՝ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարները։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվել նաև ապրիլի 19-20-ը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան կատարելիք պաշտոնական այցի նախապատրաստմանը, այդ թվում՝ երկկողմ փաստաթղթերի փաթեթի ստորագրմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարները կարծիքներ են փոխանակել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ՝ շեշտը դնելով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն ուղղված հետագա քայլերի վրա։ Անդրադարձ է եղել նաև Ռուսաստանի աջակցությամբ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նախարարները նաև երկկողմ և տարածաշրջանային օրակարգի հարցեր են քննարկել։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել էր, որ «Բաքվի առաջարկած «Ադրբեջանի և ՀՀ միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքները» և Երևանի արձագանքը դրանց կոչված են հիմք հանդիսանալու խաղաղ պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցություններ սկսելու համար:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում անպատասխանատու էր անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։ «Ինչ վերաբերում է ԵԱՀ Մինսկի խմբի գործունեությանը կամ ապագային, ես նույնիսկ կասեի՝ եռյակին (ՌԴ, Ֆրանսիա, ԱՄՆ), ես չգիտեմ, ինչպիսին կլինի դրա հետագա ճակատագիրը»,-ասել էր նա։