18 ապրիլի 2022 - 15:16 AMT
44-օրյա պատերազմի մասնակիցները, նրանց հարազատները վեբ ծրագրավորման դասընթացներ են անցնում

Գյումրիում 44-օրյա Արցախյան պատերազմի մասնակիցների, պատերազմում զոհված զինվորների ընտանիքի անդամների և պատերազմի հետևանքով տուժած անձանց համար վեբ ծրագրավորման դասընթացներ են իրականացվում։

Դասընթացները կազմակերպել է «Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը, «Զինվորի մայր» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։

Ապրիլի 12-ին Գեղարքունիքի մարզի Ճամբարակի համայնքապետարանում տեղի է ունեցել «Տեխնոլոգիական հմտությունների տրամադրում արցախյան պատերազմի հետևանքով տուժած անձանց Ճամբարակ քաղաքում» ծրագրի պաշտոնական բացումը:

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Ամալյա Եղոյանի խոսքով՝ ծրագրին, որի նպատակն է տեխնոլոգիական և բիզնես հմտությունների տրամադրման միջոցով Ճամբարակ համայնքում պատերազմի հետևանքով տուժած խմբերի շրջանակներում նվազեցնել գործազրկությունը և բարձրացնել կյանքի որակը, դիմել է 50-ից ավելի շահառու: Դասընթացը կվարի Հայաստանի ոլորտի լավագույն մասնագետներից մեկը:

Ծրագիրն անցկացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից հայտարարված «Ճգնաժամի հասցեագրում» դրամաշնորհային նախաձեռնության շրջանակներում, որն իր հերթին իրականացվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Հանրային մասնակցություն, կարողությունների զարգացում և ճգնաժամի հասցեագրում» ծրագրի շրջանակներում: