20 ապրիլի 2022 - 18:21 AMT
Միշուստին․ Նոր ենթակառուցվածքային երթուղիները կնպաստեն Հրվ. Կովկասի կայունությանը

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում նոր ենթակառուցվածքային երթուղիների ստեղծումը կնպաստի տարածաշրջանի կայուն զարգացմանը, խաղաղության և կայունության ամրապնդմանը:

Միշուստինն ասել է, որ ՌԴ իշխանությունները հատուկ ուշադրություն են դարձնում «Անդրկովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ» ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ կառավարության նախագահը նաև ասել է, որ Մոսկվան առաջարկում է արագացնել ՀՀ հետ տնտեսական գործակցության նոր միջկառավարական ծրագրի ստորագրման նախապատրաստումը։

Նա հիշեցրել է, որ միջկառավարական հանձնաժողովը զբաղվում է երկկողմ գործակցության ընդլայնման վերաբերյալ կոնկրետ նախաձեռնությունների մշակմամբ։ Ըստ Միշուստինի, Մոսկվան շահագրգիռ է նոր համատեղ նախագծեր կյանքի կոչելու մեջ, այդ թվում՝ էներգետիկ, լեռնահանքային, տրանսպորտային ենթակառուցվածքների, դեղագործության, ագրարա-արդյունաբերական համալիրի, թվային տնտեսության, նորարարությունների ոլորտներում։

Միշուստինը նաև հավաստիացրել է, որ Մոսկվան «կշարունակի հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանին»։

«Այժմ, այս պահին, հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գծով պայմաններ են ստեղծվում փախստականներին (ԼՂ-ում պատերազմի հետևանքով) իրենց մշտական բնակության վայրեր վերադարձնելու և, իհարկե, ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման համար»,- պարզաբանել է ՌԴ վարչապետը:

Փաշինյանի մոսկովյան այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները 30 կետից բաղկացած համատեղ հայտարարությամբ են հանդես եկել։