24 ապրիլի 2022 - 18:05 AMT
Կիպրոսի նախագահի հանձնակատար․ Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է արել Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն, որտեղ նշվում է, որ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց ոգեկոչում է անմեղ նահատակների հիշատակը և իր «հարգանքն ու աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվությամբ դիմադրեց ու մեծ տառապանքների ենթարկվեց իր դեմ իրականացված ցեղասպանության հետևանքով»։

Ֆոտիուն նշել է, որ ապրիլի 24-ը ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որպեսզի «մարդկությունը երբեք չմոռանա ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որը հանգեցրեց ժողովրդի համակարգված ու զանգվածային ոչնչացման», տեղեկացնում է «Արմենպրեսը»։

Նա հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև սատարեց ցանկացած ջանքի՝ ուղղված «միակ պատմական արդարության վերականգնմանը»:

Կիպրոսի նախագահի հանձնակատարն արձանագրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ իր գործած հանցանքը։

Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1975-ին։ Առաջին երկիրն է, որ հարցը բարձրացրեց ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։ Կիպրոսը նաև ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք է ընդունել։