29 ապրիլի 2022 - 15:00 AMT
Ըստ Ալիևի՝ Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները մայիսի սկզբին կարող են հանդիպել Բրյուսելում, ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչները մայիսի սկզբին կարող են հանդիպել Բրյուսելում։

«Մայիսի սկզբին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպելու պլաններ կան»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ալիևը Եվրամիությանն Ադրբեջանի կարևոր գործընկեր է անվանել։

«Մենք համագործակցության շատ մեծ օրակարգ ունենք։ Մենք ԵՄ-ին ազնիվ խաղացող ենք համարում և ողջունում ենք նրա ջանքերը։ Եթե հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում, ապա, կարծում եմ, Եվրամիությունը կարող է իր դերակատարությունն ունենալ հարաբերությունների կարգավորման գործում»,-ասել է Ալիևը։

ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը ՏԱՍՍ-ին ասել է, որ նախարարությունը տեղեկություն չունի մայիսի սկզբին Բրյուսելում Երևանի և Բաքվի ներկայացուցիչների հնարավոր հանդիպման մասին։

«Տվյալ պահի դրությամբ նման հանդիպման անցկացման մասին տեղեկատվություն չկա»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը համաձայնության են եկել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում հանդիպում անցկացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի վերաբերյալ: