2 մայիսի 2022 - 18:27 AMT
Կիևում հայտարարել են, թե ՀՀ-ն, Վրաստանն ու Ադրբեջանն օգնում են ՌԴ-ին խուսափել պատժամիջոցներից

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության ծառայությունը մեղադրել է Վրաստանին, ՀՀ-ին և Ադրբեջանին ռուսական արտադրանքը միջազգային շուկա արտահանելու մասին Մոսկվայի հետ բանակցելու մեջ։

«Նախատեսվում է ռուսական արտադրանքի արտահանում հայկականի, վրացական և ադրբեջանականի տեսքով»,-ասել են հետախուզության ծառայությունում մայիսի 1-ին, գրում է Civil.ge-ն։

Ըստ գերատեսչության՝ Հարավային Կովկասի երկրներում արդեն ավելի քան 200 նման ընկերություն է ստեղծվել։

Ըստ Ուկրաինայի հետախուզական գերատեսչության, Հայաստանը բարենպաստ պայմաններ է ստեղծում ռուսական ընկերությունների համար, հատկապես ՏՏ ոլորտում։

«Ուկրաինայի դեմ ՌԴ պատերազմի մեկնարկից ի վեր Հայաստան է ժամանել ՌԴ 85,000 քաղաքացի և 113 ՏՏ ընկերություն։ ՌԴ քաղաքացիները մոտ 1000 մասնավոր ձեռնարկություն և մոտ 250 ՍՊԸ են բացել ՀՀ տարածքում, որոնք հարկեր են մուծում երկու երկրի՝ ՀՀ և ՌԴ բյուջե»,- ասվում է Ուկրաինայի հետախուզության ծառայության հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետխուզության ծառայությունը հայտարարել էր, թե Մոսկվան մաքսանենգության միջանցք է ստեղծում Վրաստանի տարածքով, ինչը Վրաստանի իշխանությունները հերքեցին։