2 մայիսի 2022 - 17:16 AMT
Վերելակների նոր խմբաքանակն ուշանում է Լարսում կուտակումների պատճառով

Քաղաքապետարանի կողմից 100 վերելակի ձեռքբերման շրջանակում 40-ն արդեն իսկ առաքվել է Հայաստան, սակայն դրանք մնացել են Վերին Լարսի անցակետում՝ մեքենաների և բեռնատարների կուտակումների պատճառով։ Այդ մասին ասվել է Երևանի աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։

Նշվել է, որ մի քանի օրից դրանք տեղ կհասնեն։

Ավելի վաղ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հայտնել էր, որ օրակարգի 2022 թ. լրամշակված բյուջեի նախագծով մայրաքաղաքում կտեղադրվի 426 նոր վերելակ, որի համար քաղաքային բյուջեից կհատկացվի մոտ 3.2 մլրդ դրամ։

Երևանում 500 վերելակի փոխարինման ծրագիրն իրականացվել է 2019-2020 թթ․։ 2021-ի վերջում Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ դրանք բոլորն անցել են ԱԻՆ փորձաքննությունը և հանձնվել են շահագործման։ Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների մեծ մասը շահագործվում է 40 տարուց ավելի, մինչդեռ շահագործման ժամկետը մինչև 25 տարի է: