5 մայիսի 2022 - 17:11 AMT
Գրիգորյանի կոչը Քոչարյանին՝ որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածի իր որդուն այնտեղ ուղարկելու մասին

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը և Արամ Վարդևանյանը արձագանքել են ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությանը, որը կոչ էր արել ԱԱԾ-ին հավաքագրել ընդդիմության ցույցերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել ՊՆ-ին:

Գրիգորյանը Քոչարյանին կոչ է արել որևէ մեկին սահման ուղարկելուց առաջ՝ մտածի իր որդուն սահման ուղարկելու մասին, գրում է «Փաստինֆոն»։

«Այն մարդկանց մասին, ում Անդրանիկ Քոչարյանը ասում է, պետք է հավաքագրեն, նրանց ճնշող մեծամասնությունը 44-օրյա պատերազմի մասնակիցներ են, ավելին՝ կամավորներ են եղել, նրանց մի մասը գնացել և կռիվ է տվել հայրենիքի համար՝ ի տարբերություն Անդրանիկ Քոչարյանի և իր խմբակցության անդամների, ովքեր սովորական դասալիքներ են։ Նրանք պատերազմի ժամանակ սելֆի անելով էին զբաղված, ու այս մարդիկ իրենց իրավունք են վերապահում նման հայտարարություն անել, բարոյական առումով սա անհեթեթություն է: Անդրանիկ Քոչարյան, զբաղվիր նրանով, որ Ներքին Հանդում ադրբեջանցին հերթական հենակետն է դնում, որ Ներքին Հանդում ՀՀ քաղաքացի է գերեվարվում, սրանով զբաղվիր, ի՞ նչ հայտարարություններ ես անում»,-ասել է Գրիգորյանը:

Վարդևանյանն էլ հորդորել է ժպիտով վերաբերվել նման հայտարարություներին։

«Մենք մի մարդու մասին ենք խոսում, որը, իմանալով, որ մենք ունենք հազարավոր զոհեր, Հայաստանի պատմության ամենածանր շրջանն է, դեմքին ժպիտով ծափ էր տալիս, խելագարների մասին է խոսքը»,- ասել է Վարդևանյանը:

Անդրանիկ Քոչարյանը կոչ է արել ԱԱԾ-ին հավաքագրել բերման ենթարկված քաղաքացիների տվյալները և փոխանցել Պաշտպանության նախարարությանը, «որն էլ իր հերթին կօգտագործի այս «լավ պատրաստված», պարզ հրահանգներ կատարելու ունակ երիտասարդներին՝ մեր բանակի մոբիլիզացիոն ռեսուրսը հարստացնելու և նրանց Հայաստանի ու Արցախի սահմանների անվտանգության պահպանման գործում ներգրավելու նպատակով»։