11 մայիսի 2022 - 13:34 AMT
Ընդդիմությունը Երևանում 4 ուղղությամբ ավտոերթ է անում՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով

Ընդդիմությունն իր կողմնակիցների հետԵրևանում ավտոերթ է սկսել մայրաքաղաքի 4 ուղղությամբ։ Ավտոերթերից մեկը սկսվել է Էրեբունի վարչական շրջանի ավտոշուկայի մոտից, ինչպես նաև Երևան-Աշտարակ ճանապարհի մոտից: Տրանսպորտային միջոցներին ամրացված են Հայաստանի և Արցախի դրոշները, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ ավտոերթի նպատակն է իրազեկել քաղաքացիներին առաջիկա հանրահավաքի մասին և կոչ անել նրանց միանալ իրենց:

«Կներկայացվեն մեր պահանջները, ինչպես նաև մեզ միանալու կոչեր կհնչեն»,- ասել է Մանուկյանը:

Նա նշել է, որ ժամը 16։00-ին բոլորը հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում, որտեղ նախատեսված է խոշոր հանրահավաք։ Ակցիայի շրջանակում տրանսպորտային միջոցները կզարգացնեն ընդամենը 30 կմ/ժ արագություն:

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։