11 մայիսի 2022 - 18:33 AMT
Ցուցարարները շրջափակել են Երևանի քաղաքապետարանը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները շարժման անդամ Իշխան Սաղաթելյանի կոչով շրջափակել են Երևանի քաղաքապետարանի շենքը։

«Մարդկանց տարակարծության համար գործից հանում են, ճնշում են։ Դե թող հիմա տեսնեն` ճնշումը որն է»,–հայտարարել է Սաղաթելյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Քաղաքապետարանի գլխավոր մուտքի մոտ մեծաքանակ ոստիկանական ուժեր կան, հրմշտոց է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև։

«Ներս չենք մտնում, սակայն բոլոր մուտքերը շրջափակում ենք»,–ասել է Սաղաթելյանը։

Ոստիկանները փորձում են հեռացնել ակցիայի մասնակիցներին մուտքի մոտից։

Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։