14 մայիսի 2022 - 16:04 AMT
Սաղաթելյան․ Շարժումը կասեցրել է Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու գործընթացը

«Դիմադրություն» շարժումը կասեցրել է Արցախի հարցում նշաձող իջեցնելու հայկական կողմի գործընթացը։ Ֆրանսիայի հրապարակում հրավիրած ասուլիսում այս հայտարարությունն արել է շարժման անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Շարժումն ապացուցել է, որ հայ ժողովուրդը չի ընդունելու իրեն պարտադրված որևէ զիջում, և որ (վարչապետ) Նիկոլ Փաշինյանը երկիրը նոր զիջումների տանելու մանդատ չունի»,– ասել է Սաղաթելյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև հայտնել է, որ շարժումը ստեղծել է ճգնաժամ, այդ թվում` միջազգային գործընկերների համար։

Սաղաթելյանը հայտնել է նաև, որ «Դիմադրություն» շարժումը հաջորդ շաբաթվանից փոխում է մարտավարությունը։

«Հասնելու ենք նրան, որ քաղաքը կանգնի, որովհետև մենք արդեն դրա համար բավարար ուժ ունենք, պետք է նաև ընդգրկենք մեր բոլոր հայրենակիցներին»,– ասել է նա։

Ընդդիմադիր գործչի դիտարկմամբ` իշխանությունը հոգեվարքի մեջ է, ինչի մասին վկայում են վերջին օրերին տեղի ունեցող համատարած ձերբակալություններն ու կալանավորումները։

«Բայց դա մեզ ավելի է ուժեղացնում։ Ինչքան բռնում են, այնքան ավելի ենք ավելանում»,– ասել է նա։

«Դիմադրություն» շարժումը, շարժմանը միացած քաղաքացիները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթեր, հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Հայաստանում բողոքի նոր ալիքը բարձրացել է Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո, ըստ որի միջազգային հանրությունն ակնկալում է հայկական կողմից, որ «իջեցնի նշաձողը» ԼՂ կարգավիճակի հարցում։