19 մայիսի 2022 - 13:09 AMT
Զախարովա․ ՌԴ-ն առանցքային խնդիրներից մեկը համարում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը

Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստում առանցքային խնդիրներից մեկը համարում է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Բարձր ենք գնահատում եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Նման գնահատականներ են տրվել նաև Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների կողմից մայիսի 12-ին Դուշանբեում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպման ժամանակ»,-ասել է Զախարովան։

Նա նշել է, որ եռակողմ հանձնաժողովի անդամները կանոնավոր հանդիպումներ են ունենում` նպատակ ունենալով մշակել այնպիսի լուծումներ, որոնք ընդունելի կլինեն բոլոր կողմերի համար։ Զախարովան հավելել է նաև, որ անցած շաբաթ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը ռուսական կողմի համանախագահն է, այցելել էր Երևան, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել էր նաև տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։

Օվերչուկը Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել էր․ «Երբ տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, դա ամբողջությամբ կփոխի տարածաշրջանի տրանսպորտային ամբողջ կոնֆիգուրացիան: Եվ իսկապես նոր հնարավորություններ կբացվեն, որպեսզի Հայաստանի տնտեսությունը զարգանա և լրացուցիչ ազդակ ստանա, և դրա հետ կապված նշանակալիորեն կբարձրանա Հայաստանի դերը: Սրա հետ կապված մենք, իհարկե, առավելագույն ջանքեր ենք գործադրում և՛ Մհեր Գրիգորյանի, և՛ Շահին Մուստաֆաևի հետ, որպեսզի այդ հարցերը լուծենք: Եվ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, իհարկե շատ կարևոր են իրավաբանական և ընթացակարգային լուծումները»: