ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել։
«Այսօր ես հայտարարում եմ անվտանգության ոլորտում Ուկրաինային օգնության ևս մեկ փաթեթի մասին, որը թույլ կտա Ուկարինային լրացուցիչ հրետանի, ռադարներ և այլ տեխնիկա ստանալ»,-ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
ԱՄՆ նախագահը նշել է, որ այդպիսի օգնություն ցուցաբերելով, ԱՄՆ-ն ձգտում է ուժեղացնել Ուկրաինայի դիրքերն ինչպես մարտի դաշտում, այնպես էլ՝ բանակցությունների սեղանի մոտ։
ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին հայտնել է, որ նոր փաթեթը 100 մլն դոլար կկազմի, տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Նախատեսվող օգնությունը ներառում է 155մմ տրամաչափի 18 հաուբից, հաուբիցների տեղափոխման համար նախատեսված 18 տակտիկական մեքենա, երեք AN/TPQ-36 հակահրետանային ռադար, դաշտային սարքավորումներ և պահեստամասեր։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջո Քիրբին։
Ըստ նրա, ԱՄՆ-ն Բայդենի պաշտոնավարման օրոք Ուկրաինային անվտանգության ոլորտում մոտ 4․6 մլրդ դոլարի օգնություն է ցուցաբերել, որից 3․9 մլրդ դոլարը հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։