24 մայիսի 2022 - 10:56 AMT
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հետագա համատեղ քայլերը գերակա ուղղություններում, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հարցը։

Քննարկվել են նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Կողմերը հաստատել են հավատարմությունը բարձ մակարդակի բոլոր եռակողմ հայտարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) անվերապահ կատարմանը, որոնք կոչված են ապահովելու հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը ՀՀ և Ադրբեջանի միջև։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: