24 մայիսի 2022 - 12:40 AMT
Ցուցարարները հանդիպել են ԱԳ փոխնախարարին. Վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ

«Դիմադրություն» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները, Ֆրանսիայի հրապարակից երթով հասնելով ՀՀ ԱԳՆ շենք, շրջափակել էին նախարարության բոլոր մուտքերն ու ելքերը։

Շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ «ԱԳ նախարարն այլևս չի սպասարկում Հայաստանի շահերը»։

Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները մտել են ԱԳ նախարարության շենք` վանկարկելով «Արցախ»։ Պատգամավոր Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում երևում էր, որ պատգամավորները բարձրախոսով հայտարարում են` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանին։ Պատգամավորները պնդում էին, որպեսզի պաշտոնյան վստահեցնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մնացական Սաֆարյանը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ է։

Ի պատասխան փոխնախարարը նշել է, որ լսեց նրանց ասելիքը, սակայն որևէ հարցի չի պատասխանել։ Պատգամավորներն Արցախի դրոշի կպչաթուղթը փակցրել են փոխնախարարի կոստյումին։

Ընդդիմադիր պատգամավորները որոշ ժամանակ փոխնախարարի հետ զրույցից և ԱԳՆ շենքի գրասենյակների դռների վրա Արցախի դրոշի կպչաթուղթը փակցնելուց հետո, դուրս են եկել կառույցից։ Շարժման մասնակիցները բացել են արտաքին գործերի նախարարության շենքի մուտքերը։ Սաղաթելյանը հայտարարել է, որ վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ։

Ավելի վաղ ընդդիմության առաջնորդները հայտնել էին իրենց ակտիվիստների տներում խուզարկությունների մասին։