24 մայիսի 2022 - 16:40 AMT
Մուտքը «Զորաց քարեր» հունիսի 1-ից տոմսերով կլինի

Հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցն անցնում է տոմսային տնտեսության, հայտնում է ԿԳՄՍ նախարարության «Պահպանություն և ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ «Զորաց քարեր» հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ:

Գործելու են տոմսերի հետևյալ սակագները.

ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 դրամ

Օտարերկրացիներ՝ 1400 դրամ

Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 դրամ

Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 դրամ

Ուսանողներ՝ 200 դրամ

Հայերենով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 դրամ

Օտար լեզվով անցկացվող բացատրություն (ռուսերեն, անգլերեն)` 4000 դրամ։

«Զորաց քարեր» հնավայրը նախապատմական մեգալիթյան կառույց է Սիսիան քաղաքի մոտ՝ Մ 2 ճանապարհի հարևանությամբ։2004 թվականին Հայաստանի կառավարության կողմից կառույցը ճանաչվել է որպես աստղադիտարան[9]։ Այդ կարծիքին են նաև մի շարք գիտնականներ և հետազոտողներ, ովքեր նույնպես պնդում են, որ մեգալիթյան կառույցը հանդիսանում է աստղադիտարան։ Գիտական և սիրողական որոշ շրջանակներ մերժում են աստղադիտարան լինելու հանգամանքը և պնդում, որ այն դամբարանադաշտ է: