25 մայիսի 2022 - 11:02 AMT
Պետդեպ․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը, պատասխանելով Բլինքեն-Փաշինյան հեռախոսազրույցի և ԱՄՆ դիրքորոշման մասին հարցին, ասել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»։

«ԱՄՆ պետքարտուղարը հնարավորություն է ունեցել խոսելու Հայաստանի վարչապետի հետ: Նրանք քննարկել են այն դրական զարգացումները, որ տեսանք վերջին օրերին ու վերջին շաբաթների ընթացքում Հարավային Կովկասում: Պետքարտուղարը խոսել է այն մասին, որ մենք պատրաստ ենք աջակցել սահմանների սահմանազատման և սահմանագծման աշխատանքներին։

Նա խրախուսել է շարունակական առաջընթացը տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի զարգացման ուղղությամբ: Պետքարտուղարը նաև ընդգծել է երկկողմ երկխոսության շարունակական կարևորությունը՝ տարածաշրջանում առկա մարտահրավերները լուծելու համար։

Նա վերահաստատել է մեր աջակցությունը, ԵՄ միջնորդությամբ, նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի երկխոսությանը։ Նա նաև վերահաստատում է, ինչպես լսել եք ինձանից և ուրիշներից, մեր պատրաստակամությունը` ներգրավվելու երկկողմ ձևաչափում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնելու երկարաժամկետ և համապարփակ խաղաղությանը»,- նշել է պետքարտուղարության խոսնակը:

Մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, տարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցեր: