25 մայիսի 2022 - 18:02 AMT
Մյասնիկովիչ․ Մինչև տարեվերջ ԵԱՏՄ գազի միասնական շուկայի համաձայնագրի նախագիծը հնարավոր կլինի համաձայնեցնել

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը կարծիք է հայտնել, որ, թեև դեռ վիճելի հարցեր կան, մինչև տարեվերջ հնարավոր կլինի համաձայնեցնել ԵԱՏՄ գազի միասնական շուկայի մասին համաձայնագրի նախագիծը։

«ԵԱՏՄ նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման փաստաթղթերը մեծապես պատրաստ են, իսկ գազի շուկայի մասով դեռևս վիճելի հարցեր կան։ Փաստացի 3 վիճահարույց հարց կա։ Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք այս նախագծի մասով ևս փոխադարձաբար ընդունելի լուծում կգտնենք»,-ասել է նա, հայտնում է «Բելտա» գործակալությունը։

Որպես հիմնական վիճահարույց հարցեր Մյասնիկովիչը նշել է գազի փոխադրման սակագների, անդամ երկրների միջև արդեն կնքված երկարաժամկետ պայմանագրերի և երրորդ երկրներից բնական գազի ներկրման հետ կապված հարցերը։

«Ընդհանուր առմամբ, բոլոր այս հարցերը քննարկում ենք բնական մենաշնորհների տեսնակյունից»,-ասել է նա։

Ըստ ԵԱՏՄ երկրների պայմանավորվածության, ընդհանուր էներգետիկ շուկաները պետք է սկսեն գործել 2025-ի հունվարի 1-ից։