31 մայիսի 2022 - 16:53 AMT
Փոխոստիկանապետ․ Մայիսին ոստիկանները 2․5 մլրդ դրամի պարգևավճար են ստացել

ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. ընդհանուր գումարը 2․5 միլիարդ դրամ է կազմել:

Նա վստահեցրել է, որ դա հանրահավաքների հետ կապված չէ։

«Տարիներ են եղել` անգամ 3 անգամ են պարգևատրվել ոստիկանները, օրինակ` 2018-ին։ Ի դեպ, ոստիկանների աշխատավարձը միջին հաշվարկով 218,000 դրամ է»,–ասել է Մովսիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչի համար են պարգևավճար ստացել` բիրտ ուժ կիրառելո՞ւ, փոխոստիկանապետը նշել է` դա լրագրողների կարծիքն է։

Մովսիսյանը հայտնել է, որ ոստիկանությունում մոտ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել, որտեղ կան դեպքեր, որ ոստիկանները որպես տուժող են ներգրավված։

«Մայիսի 30-ին 6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի»,– ասել է Մովսիսյանը։

Այն նկատառմանը, թե ոստիկանները բիրտ ուժ են կիրառել անգամ անչափահասի հանդեպ, փոխոստիկանապետը ասել է, թե՝ նա ի՞նչ գործ ուներ այնտեղ։

Մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկու անգամ բախում է եղել։ Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի, որից 2-ը՝ ոստիկան։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից` խուլիգանություն կատարելու կասկածանքով: