Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է:
Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:
Ավելի վաղ ԱՆ-ն հայտնել էր, որ տուժածներից մեկի վիճակը ծանր է, նա վիրահատվում է, իսկ մյուս տուժածները վնասվածքների առաջին վիրաբուժական մշակում են ստացել:
Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։