7 ապրիլի 2009 - 22:59 AMT
Վրաստանի ազգային փոքրամասնությունները քաղաքական կուսակցություն են ստեղծել
Վրաստանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ազգային փոքրամասնությունների «Իրավահավասարություն» դաշինքը վերափոխվել է քաղաքական կուսակցության: Կուսակցության ստեղծման նպատակն է նեգրավել Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին երկրի քաղաքական կյանքի մեջ, ասել է նախաձեռնող խմբի ղեկավար եւ հավանաբար կուսակցության նախագահ Մայա Չիգոեւա-Ցաբոշվիլին: Նրա խոսքերով, պետությունը պարտավոր է հարգել յուրաքանչյուր քաղաքացու պատիվն ու արժանապատվությունը, անկախ նրա ազգային եւ կրոնական պատկանելությունից:

«Այսօր Վրաստանը կանգնած է մեծ մարտահրվերի առջեւ: Երկրում քաղաքական, տնտեսական ու սոցիալական ճգնաժամ է: Այդ պատճառով երկրում բնակվող մարդիկ, որոնց համար Վրաստանն ուղղակի տարածք չէ, պարտավոր են իրենց ներդրումն ունենալ պետության կառուցման գործում»,-նշել է Չիգոեւա-Ցաբոշվիլին: Կուսակցությանը կանդամակցեն վրացիներ, հայեր, օսեր եւ այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հաղորդում է TrendNews-ը: