17 հունիսի 2022 - 17:45 AMT
ՀՀ նախագահ. Արբանյակի հարցում փորձել ենք գործակցել «Ռոսկոսմոսի» հետ` պայմանավորվածությունները չգործեցին, գտանք այլ գործընկեր

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Սանկտ Պետերբուրգում, Հայաստանի գլխավոր հյուպատոսության շենքում, հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է նաև արբանյակի գործարկմանը, որը տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, տեղեկացնում է Factor.am-ը։

Նշելով, որ կարող է հարց առաջանալ, թե ինչու այդ դեպքում համագործակցություն չեղավ «Ռոսկոսմոսի հետ»՝ Խաչատուրյանն ասել է, որ պարզվեց` ընկերությունն ուղղակի նման ծրագրեր չուներ։

«Մենք իրենց հետ խոսել ենք, փորձել ենք համագործակցության եզրեր գտնել, դեսպանությունն էլ է փորձել այդ ուղղությամբ աշխատել, բայց 3 անգամ պայմանավորվածություններն ուղղակի չպահպանվեցին և մենք գտանք այլ գործընկեր Իսպանիայից»,-ասել է նախագահը։

«Մենք արդեն արբանյակ ունենք, մեր նկարահանող արբանյակը շատ մեծ զարմանք է առաջացրել ոչ միայն երկրի ներսում, այլ դրսում: Մեր առջև մեծ հեռանկարներ են բացվում»,- ասել է նախագահը:

Հանդիպման ընթացքում նախագահն իր խոսքում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը: հանգամանալից անդրադարձ է կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ներկա ընթացքին, հայկական կողմի մոտեցումներին։

Նախագահը հայ համայնքի ներկայացուցիչներին կոչ է արել գիտելիքներով և ֆինանսական միջոցներով օգնել ՀՀ-ին՝ ռազմարդյունաբերական ծրագրեր իրականացնելու հարցում:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտնեց, որ «մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանի մեկնարկային հարթակից SpaceX ընկերության հրթիռով Երկրի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը՝ հայկական պետական «Գեոկոսմոս» բաժնետիրական ընկերության և իսպանական «Սատլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում»: