Մայրաքաղաքի ավտոտեխսպասարկման կետերից մեկում գազի արտահոսքի հետևանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վերջիններս տարբեր աստիճանի այրվածքներով և շնչուղիների վնասվածքներով գտնվում ՀՀ ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։
Բժիշկներն անում են հնարավոր ամեն բան նրանց առողջական վիճակի բարելավման համար:
Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն։
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն և աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն և Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։