G7-ի երկրների ղեկավարները գագաթնաժողովի առաջին օրը հայտարարել են, որ մտադիր են $600 մլրդ ընդհանուր գումարի ներդրումներ կատարել զարգացող երկրներում՝ հակազդելու համար Չինաստանի աճող ազդեցությանը։
Ըստ նրանց, ծրագիրը պետք է կյանքի կոչվի մինչև 2027-ը։ Նպատակն է «բարձրորակ և կայուն ենթակառուցվածքներ» ստեղծել աղքատ երկրներում։
«Ես ուզում եմ նշել, որ սա օգնություն չէ, ոչ էլ բարեգործություն։ Դրանք ներդրումներ են, որոնք շահույթ կբերեն բոլորին»,-ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ հավելելով, որ շահառու երկրներին դա թույլ կտա տեսնել «ժողովրդավարության հետ գործընկերության կոնկրետ առավելությունները», գրում է Deustche Welle-ն։
ԱՄՆ պարտավորվել է հատկացնել ներդրումների մեկ երրորդը՝ 200 մլրդ դոլար, ԵՄ երկրները 300 մլրդ դոլար կհատկացնեն։
Որպես առաջատար նախագծեր Բայդենն առանձնացրել է արևային էներգետիկայի զարգացումն Անգոլայում, որի համար 2 մլրդ դոլար կպահանջվի, և աջակցությունը Աֆրիկայում գործող Պաստերի ինստիտուտին, որը զբաղվում է պատվաստանյութերի մշակմամբ։ Արդեն 600 մլն դոլարի պայմանագիր է կնքվել ստորջրյա հեռահաղորդակցային կաբելի անցկացման համար՝ Հարավ-արևելյան Ասիայից դեպի Եվրոպա, Մերձավոր Արևելքի երկրներով։ 17,000 կմ երկարության կաբելը կկապի Սինգապուրը Ֆրանսիայի հետ և արագընթաց ինտերնետով և հուսալի կապով կապահովի տարածաշրջանի երկրներին։
Ներդրումային այս ծրագիրը կոչված է հակազդելու Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ծրագրին, որը մեկնարկել է 2013-ին և որի շրջանակում Չինաստանը տարբեր ենթակառուցվածքային նախագծեր է ֆինանսավորել առաջին հերթին Ասիայում և Աֆրիկայում։