27 հունիսի 2022 - 12:30 AMT
‌Դեսպանություն․ Լարսը փակ է Թերեքի վարարումից ճանապարհի վնասման պատճառով

Լարսը փակ է հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով հունիսի 26-ին Թերգի/Թերեք գետի վարարումից ճանապարհի վնասվելու պատճառով, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

‌Նշվում է, որ վնասվել է միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի 136-րդ կիլոմետրի (չեզոք գոտի) ճանապարհի մի մասը, որի արդյունքում ժամանակավորապես արգելվում է նշված հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի պատկան մարմինների հետ և ճանապարհի վերաբացման ժամկետների վերաբերյալ հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։