28 հունիսի 2022 - 11:40 AMT
Մուրադյան․ 3 ամսում ինքնագլորներից տուժած մոտ 40 մարդ է տեղափոխվել հիվանդանոց

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում մտահոգիչ վիճակագրություն է ներկայացրել` միայն վերջին 3 ամսվա ընթացքում էլեկտրական ինքնագլորներից տուժած մոտ 40 քաղաքացի է տեղափոխվել համալսարանական հիվանդանոց։

«Վերջերս, Երևանում շատերին կհանդիպեք ինքնագնաց ամենագլորներ վարելիս:

«Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց ինքնագնաց ամենագլորներ վարելիս բազմաթիվ վնասվածքներով քաղաքացիներ են հոսպիտալացվում:

Ամենագլորներ վարողները խոչընդոտների հանդիպելիս, տրանսպորտային միջոցների բախվելիս մարմնական տարբեր վնասվածքներ են ստանում: Եղել են դեպքեր, երբ ինքնագլորը վարել է երկու կամ երեք անձ, այդ պատճառով կորցրել են կառավարումը և հարվածել կայանած կամ երթևեկող ավտոմեքենայի:

Միգուցե ինքնագլորներն էկոլոգիապես մաքուր, հարմար և մատչելի փոխադրամիջոց են և արագ շրջանցում են խցանումները, բայց անտեսում են հնարավոր վտանգները, ուստի կարծում եմ պետք է որոշակի կարգավորումներ իրականացվեն այս խնդրին լուծում տալու նպատակով»,-ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ վիճակագրական պատկերը փաստում է, որ լուրջ վտանգված են թե անցորդները, թե վարորդները, և թե անձինք, որոնք օգտվում են այս տեղաշարժման միջոցից: