7 հուլիսի 2022 - 17:01 AMT
Բայրամով․ ՀՀ-ն առաջարկում էր հետ քաշել զորքերը սահմանից, բայց Ադրբեջանը հրաժարվեց

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով սահմանազատման հարցին, ասել է, որ սահմանազատման հանձնաժոողովներ հաջողվել է ձևավորել տևական և բարդ գործընթացից հետո։

«Հայաստանն առաջարկում էր դեէսկալացիայի միջոցներ ձեռնարկել սահմանին և հետ քաշել զորքերն ու սահմանապահներին սահմանից, սակայն, ադրբեջանական կողմը հրաժարվել է, քանի որ իր սահմանները պաշտպանելն Ադրբեջանի սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է»,- ասել է նա, գրում է Interfax.az-ը։

Նա հայտնել է նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովների երկրորդ նիստի օրը դեռ որոշված չէ, իսկ, ընդհանուր առմամբ, «սահմանազատման գործընթացը հեշտ չի լինելու»։

Ադրբեջանի ԱԳ նախարարն ասել է, թե Ադրբեջանը կողմ է «սահմանների ցիվիլ որոշմանը՝ իրավական և պատմական փաստաթղթերի հիման վրա»։

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։