ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ իշխանությունն աշխատում է ռուսաստանցիների համար երկրում երկարաժամկետ գտնվելու սահմանափակումը մեղմելու վրա։ Այդ մասին նախարարն ասել է ՏԱՍՍ–ին տված հարցազրույցում։
«ՀՀ տարածքում կացության սահմանափակում կա` առանց գրանցման կարելի է մնալ մինչև 6 ամիս, սակայն հիմա իշխանություններն աշխատում են այդ պահանջը մեղմելու ուղղությամբ: Մյուս հարցերում Հայաստանը business-friendly միջավայր է, հարկային և մյուս մարմինները փորձում են օգնել բիզնեսին, ոչ թե խանգարել»,-ասել է նա։
Քերոբյանը հայտնել է նաև, որ մարտից ի վեր ավելի քան 30,000 ռուսաստանցի է տեղափոխվել Երևան՝ երկարաժամկետ հեռանկարներով։
«Այդ մարդիկ հաշիվներ են բացել, ինչպես նաև ավելի քան 1200 ընկերություն և ԱՁ։ Նրանք ազդեցություն են թողնում նաև երկրի սոցիալական նկարագրի վրա։», – ասել է Քերոբյանը՝ որպես օրինակ նշելով նորեկների նախաձեռնած բնապահպանական շարժումը։
Նախարարը նշել է նաև, որ ՀՀ ամբողջ տարածքում ընդունվուm են «Միր» բանկային քարտերը։
Փետրվարի վերջից, երբ Ռուսաստանը պատերազմ սկսեց Ուկրաինայի դեմ, դեպի ՀՀ ռուսաստանցիների մեծ ներհոսք է նկատվում։ Եկողներ կան նաև Ուկրաինայից և Բելառուսից, բայց նրանք քանակը շատ ավելի քիչ է։ ՀՀ ներգաղթող ռուսաստանցիների բավականին մեծ մասը ՏՏ ոլորտից է, սակայն, հայտնի չէ, թե նրանք որքան կմնան Հայաստանում: