9 հուլիսի 2022 - 10:45 AMT
Փաշինյան․ Խորապես ցնցված եմ Աբեի սպանության գույժից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ՝ նշելով, որ խորապես ցնցված է նրա սպանության գույժից։

Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն սպանվել է հուլիսի 8-ին՝ նարա քաղաքում հանրահավաքի ժամանակ հնչած կրակոցներից։ Նա պարանոցի և կրծքավանդակի հրազենային վիրավորումներով, ուժեղ ներքին արյունահոսությամբ տեղափոխվել էր հիվանդանոց։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն փրկել նրա կյանքը չհաջողվեց։

Հարձակման մեջ կասկածվող 41-ամյա Յամագամի Տեցույան բերման է ենթարկվել պատահարի վայրից, նրա զենքն առգրավվել է։ Նա դիմադրություն ցույց չի տվել։