12 հուլիսի 2022 - 17:00 AMT
Նախարար․ 2023-ին թոշակները կբարձրանան մինչև 6000 դրամով՝ 2 փուլով

2023 թվականին կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 6000 դրամով։ Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Այժմ աշխատանքային կարգով քննարկում ենք 2023-ի բյուջեն: Ունենալու ենք բարձրացումներ: 2023-ին նախատեսված է մինչև 6000 դրամով կենսաթոշակների բարձրացում 2 փուլով»,–ասել է նախարարը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Հունիսի 30-ին նվազագույն աշխատավարձների և կենսաթոշակների բարձրացման մասին հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կառավարության նիստում ասել էր, որ 2023թ–ին նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից կդառնա 75,000 դրամ։

ՀՀ-ում նվազագույն թոշակը 28,600 դրամ է, միջին թոշակը՝ մոտ 42,000 դրամ։