15 հուլիսի 2022 - 12:09 AMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի բանաձևով Ադրբեջանին ռազմական օգնության մասին զեկույց կներկայացվի

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում՝ #337 (նախկինում՝ #992) փոփոխությունը, որով պետք է Կոնգրեսին ներկայացվեն Ադրբեջանին ռազմական օգնությունն արգելող Ազատության աջակցման ակտի 907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները։

Փոփոխությունը ներկայացրել է կոնգրեսական Ջեքի Սփիրի կողմից, տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը» ամերիկահայ կազմակերպությունների վրա հղումով։

907-րդ բանաձևի չեղարկման մանրամասները պետք է ներկայացնի պաշտպանության նախարարը՝ պետքարտուղարի հետ համաձայնեցնելով։

Բացի այդ, զեկույցը պետք է պարունակի տեղեկություն այն մասին, թե արդյոք Ադրբեջանի կառավարությանն ուղղված անվտանգության ոլորտի աջակցությունը չի խաթարում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը:

Օրինագծին աջակցել է մոտ 15 կոնգրեսական: Թիվ 337 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 3-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս:

Բացի այդ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է թիվ 399 փոփոխությունը (նախկինում՝ #478), որն առաջ են քաշել կոնգրեսականներ Քրիս Պապպասը և Գաս Բիլիրակիսը: Այն համապատասխան պահանջներ է առաջ քաշում F-16-ների կամ F-16-ների արդիականացման փաթեթների վաճառքի կամ փոխանցմանը Թուրքիային: Օրինագծին աջակցել 17 կոնգրեսական:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամների ներկայացրած փոփոխություն #121, փոփոխություն #611, փոփոխություն #337 օրինագծերը: Ըստ վերջիններիս տեղեկության, ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատը համաձայնել է օրենքի այս լրացումները ներառել 2023թ.-ի Ազգային պաշտպանության վավերացման ակտ օրենքում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հրաժարվել է 907-րդ բանաձևի սահմանափակումների կիրառումից։ Դա նշանակում է, որ ԱՄՆ-ն կշարունակի ռազմական աջակցությունն Ադրբեջանին։ «Դա ճանապարհ է բացում Ալիևի հակահայկական ու կոռումպացված ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրման համար»,-ասվում էր Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության մեջ։