19 հուլիսի 2022 - 12:35 AMT
Շիֆ․ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը, կարևորելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած լրացումը, որով զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների կիրառման մասին, ասել է, որ դա թույլ կտա հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մի շարք հայամետ օրինագծեր է ընդունել, այդ թվում` զեկույց է պահանջել 2020-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում արգելված զինատեսակների կիրառման մասին:

«44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը սարսափելի պատերազմ է վարել և հումանիտար ճգնաժամ առաջացրել Լեռնային Ղարաբաղում՝ սպանելով հազարավոր հայերի և հազարներին դրդելով փախուստի դիմել իրենց նախնիների հայրենիքից։ Մինչ օրս էլ Ադրբեջանը շարունակում է ապօրինաբար պահել հայ ռազմագերիներին, որոնք կտտանքների են ենթարկվում։ Ադրբեջանը նաև սպառնում է հազարավոր անմեղ բնակիչներին, որոնք հերթական հարձակման վախի մթնոլորոտում են ապրում։ Անհրաժեշտ է հստակեցնել, թե որքանով է Ադրբեջանը խախտել միջազգային իրավունքի նորմերը՝ Ալիևի ռեժիմը պատասխանատվության կանչելու, և հստակ ուղերձ հղելու համար, որ ԱՄՆ-ն անհաղորդ չի մնա Բաքվի ռազմատենչ հռետորաբանության պայմաններում»,-ասել է կոնգրեսականը։

Օրինագիծը պահանջում է պետքարտուղարությունից և պաշտպանության նախարարությունից տրամադրել զեկույց, որը մանրամասներ կներկայացնի թուրքական անօդաչու թռչող սարքերում ԱՄՆ-ի պահեստամասերի օգտագործման մասին, որոնք Ադրբեջանը կիրառել է ԼՂ երկրորդ պատերազմի ընթացքում, ինչպես նաև Ադրբեջանի կողմից օգտագործված սպիտակ ֆոսֆորի, կասետային ռումբերի և այլ արգելված զինատեսակների, 2020 թվականի ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման վերաբերյալ:

Այս նախաձեռնությանն աջակցել են մոտ երկու տասնյակ այլ կոնգրեսականներ: Թիվ 121 փոփոխությունն ընդգրկվել է մի խումբ օրինագծերի՝ en bloc 1-ի փաթեթի մեջ և քվեարկության է դրվել որպես այդ փաթեթի մի մաս: