19 հուլիսի 2022 - 18:54 AMT
ԿԳՄՍՆ-ն ոստիկանություն է դիմել՝ կասեցնելու Քրիստոսի արձանի տեղադրման հողային աշխատանքները

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍ) Հատիսի գագաթին գտնվող ամրոցի վնասման հարցով դիմել է ոստիկանություն։ Այդ մասին հայտնել է ԿԳՄՍՆ խոսնակ Գեղամ Մելիքբեկյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ոստիկանություն դիմումի հիմք է ընդունվել հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնագիտական եզրակացությունը, որ Հատիս լեռան գագաթին նոր հայտնաբերված հնավայրն աղճատվել է»,–ասել է Մելիքբեկյանը։

ԿԳՄՍՆ–ն դիմել է ոստիկանություն, որպեսզի քայլեր ձեռնարկեն Հատիսի գագաթին հողային աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետներում կասեցնելու, ինչպես նաև ներկայացված եզրակացությանն օրենքով սահմանված կարգով ընթացք տալու համար։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հուլիսի 14-ին հայտարարություն էր տարածել` ասելով, որ հնավայրի տարածքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման նպատակով կատարված շինարարական աշխատանքների արդյունքում անդառնալիորեն աղճատվել է հնավայրի հատկապես կենտրոնական հատվածը, որտեղ առկա են կառույցները և արևելյան պարսպապատի մի հատվածը։ Ըստ հայտարարության, հողաշերտի հեռացման արդյունքում արևելյան պարսպապատի խաթարված հատվածը հնարավոր է վերականգնել, մինչդեռ դա այլևս անհնար է կենտրոնական մասում առկա կառույցների պարագայում, քանի որ դրանք ենթարկվել են ծանր տեխնիկայով քանդման, ինչից հետո նոր հող է կուտակվել այդ հատվածում ապագայում նախատեսված արձանի հիմքի համար։

Հատիս լեռն ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում։ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել է, որ մասնագիտական եզրակացություն կտա համապատասխան փաստաթղթերը ստանալուց հետո։

Ընթերցեք նաև․ Քերոբյան․ Հատիսն իրականում ամայի տարածք է