21 հուլիսի 2022 - 15:17 AMT
Սինանյանը չի պարզել Փափազյանի մուտքի արգելքի պատճառը՝ բացառելով, որ դա կարող էր արվել Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը չի փորձել ԱԱԾ-ից պարզել սփյուռքահայ գործիչ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու պատճառները, բայց բառացել է, որ «Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր», գրում է «Փաստինֆոն»։

Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին հայտնի է դարձել հուլիսի 14-ին, երբ Երեւանի օդանավակայանում նրան թույլ չի տրվել դուրս գալ օդանավակայանի տարածքից եւ ուղեկցել են դեպի վերադարձի օդանավ՝ առանց պատճառը ներկայացնելու։ Ոստիկանությունն ու ԱԳՆ-ն բացառել են իրենց որեւէ դերակատարությունը Փափազյանի մուտքի արգելքին, իսկ ԱԱԾ-ն, որի կազմի մեջ գործում է սահմանապահ ծառայությունը, ուղղակի լռում է։

Լրագրողները փորձել են Զարեհ Սինանյանից տեղեկանալ պատճառների մասին, սակայն նա խուսափել է խոսել այդ մասին՝ հայտարարելով, որ Սփյուռքի գործերով հանձնակատարի գրասենյակը չի փորձել ԱԱԾ-ից պարզել պատճառները:

«Համոզված եմ՝ տեղյակ եք, որ որոշումն ԱԱԾ-ն է կայացրել։ Ես տեղեկություն չունեմ, թե հիմնական պատճառը որն էր, հետաքրքվել եմ, բայց պաշտոնապես չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք նրա մուտքն արգելելու հիմնական պատճառը։ Բայց կարող եմ բացառել, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի հորդորով կարող էր նման որոշում կայացվեր։ Դա բացառվում է»,-ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։

Սինանյանը տեղյակ չէր նաև, թե Ուկրաինայում ընթացող պատերազմական գործողությունների հետևանքով տեղի հայերից քանիսն են դուրս եկել այնտեղից։ Սինանյանը դժվարացել է պատասխանել՝ հիմնավորելով նրանով, որ այդ թիվն անընդհատ փոփոխվում է։

«Դուրս եկած քաղաքացիների թվի մասին տվյալներ չունենք, իսկ ինչ վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ՀՀ են եկել ու նրանց դժգոհություններին, նրանց հետ աշխատում ենք։ ՀԿ-ների հետ տարբեր ծրագրեր ենք իրագործում»,-ասել է Սինանյանը։

‌ ‌