Արցախում Բռի Եղցի վանական համալիրի տարածքը բուսածածկույթից ու հողածածկույթից մաքրելու ընթացքում բացահայտվել է մեկ խաչքար ու մեկ տապանաքար՝ իրենց արձանագրություններով, ասվում է ՀԱՍԵ Արցախի թեմի ֆեյսբուքյան էջում։
Նշվում է, որ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ հուլիսի 21-ին Արցախի հնագույն պատմամշակութային վայրերից մեկում՝ Բռի Եղցի վանական համալիրում, իրականացվել են մաքրապատման աշխատանքներ։
«Օրհնաբեր այս գործողությունն ի կատար ածվեց Արցախի թեմի, «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև Արցախի թեմի երիտասարդաց միության անդամների համատեղ ջանքերով և Տիկին Վիրջինիա Դևիսի ու Save armenian monuments (SAM) կազմակերպության հովանավորությամբ»,-ասվում է գրառման մեջ
Մաքրապատմանը միացել են նաև Հացի գյուղի երիտասարդները՝ գյուղապետի գլխավորությամբ, ովքեր իրենց ակտիվ մասնակցությամբ մեծապես նպաստել են աշխատանքներին։