2 օգոստոսի 2022 - 14:08 AMT
Ucom-ի աջակցությամբ 3-րդ տարին է՝ կայանում է «Դասավանդի՛ր, Հայաստանի» աշակերտների առաջնորդության ճամբարը

Այս օրերին ՀՀ ամենահեռավոր մարզերում բնակվող հարյուրավոր աշակերտներ մասնակցում են «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտների առաջնորդության առցանց ճամբարին՝ օգտագործելով Ucom ընկերության տրամադրած շարժական ինտերնետի հասանելիությամբ քարտերը։

Արդեն երրորդ տարին անընդմեջ Ucom-ի աջակցությամբ «Դասավանդի՛ր, Հայաստանն» իրականացնում է Աշակերտների առաջնորդության ամառային ճամբարը՝ ամեն տարի ներգրավելով դպրոցահասակ երիտաասարդների։

«Մեր հավատարիմ գործընկերոջ՝ Ucom-ի ջանքերով Հայաստանի ամենահեռավոր համայնքներում բնակվող աշակերտներն այսօր հնարավորություն ունեն առցանց միանալու «Դասավանդի՛ր, Հայաստանի» Աշակերտական ամառային ճամբարին։ Գալիք օրերին մեր աշակերտները հնարավորություն կունենան այլ աչքերով նայելու իրենց համայնքներին, բացահայտելու այնպիսի խնդիրներ և գտնելու այնպիսի լուծումներ, որոնք մեծապես կնպաստեն ինչպես աշակերտի նախաձեռնողականության զարգացմանը, այնպես էլ՝ սեփական ուժերի նկատմամբ հավատի ամրապնդմանը։ Ամբողջ գործընթացը համակարգելու են մեր նոր՝ Ուսուցիչ-առաջնորդների ութերորդ սերնդի ներկայացուցիչները», - նշել է «Դասավանդի՛ր, Հայաստանի» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովաննիսյանը։

«Հայաստանի կրթական համակարգը բազմաթիվ փորձությունների ու փոփոխությունների միջով է անցնում հատկապես այն ժամանակահատվածից, երբ կրթություն ստանալու միակ տարբերակը տանից դասապրոցեսին միանալն էր։ Յուքոմը մեծապես նպաստել է, որ ուսուցիչ-աշակերտ կապը երբևէ չընդհատվի, իսկ գիտելիքի հոսքը լինի շարունակական։ Իրապես ուրախ ենք տեսնել, թե որքան հաջողված ու կարևոր նախագծեր են կյանքի կոչվում «Դասավանդի՛ր, Հայաստանի» ջանքերով և մեծագույն պատրաստակամությամբ աջակցում ենք ամառային ճամբարին», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Առցանց ճամբարի ընթացքում աշակերտները «Դասավանդի՛ր, Հայաստանի» նոր սերնդի ուսուցիչ-առաջնորդների հետ փորձարկում են հիմնադրամի նախագծահեն կրթության մոդելը՝ ուսումնասիրելով իրենց համայնքը, ինչպես նաև վերհանելով և վիզուալիզացնելով այն փոփոխությունները, որոնք ցանկանում են տեսնել։ Վերջնանպատակն է մշակել ծրագիր, որը կնպաստի իրենց համայնքի զարգացմանը։ ‌