2 օգոստոսի 2022 - 18:54 AMT
Գագիկ Նիկողոսյանը բրոնզ է նվաճել «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում

Հրաձիգ Գագիկ Նիկողոսյանը բրոնզե մեդալակիր է դարձել Վլադիվոստոկ քաղաքում անցկացվող «Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալն այս մրցաշարում:

Հայ մարզիկը, որն առաջին անգամ էր միջազգային մրցաշարի մասնակցում, երրորդ տեղն է զբաղեցրել 10 մ հրացան մրցաձևում:

Հրաձիգներն օգոստոսի 2-ին են սկսել պայքարը, օգոստոսի 3-ին կկայանան սամբոյի, իսկ օգոստոսի 6-ին՝ կոխ ըմբշամարտի մրցումները: Հրաձգության հավաքականի կազմում ևս 3 մարզիկ է ընդգրկված՝ Արմեն Գևորգյանը, Նարե Մելքումյանը և Էդիտա Մանուչարյանը, որոնք հանդես են գալու հրացան և ատրճանակ մրցաձևերում, ինչպես նաև միքստ ձևում:

«Ասիայի երեխաներ» 7-րդ միջազգային մարզական խաղերում ելույթներն ավարտել է Հայաստանի լողափնյա վոլեյբոլի հավաքական թիմը, որի կազմում ընդգրկված էին Միլենա և Ելիզավետա Տոնոյանները: Նրանք զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը: