4 օգոստոսի 2022 - 18:18 AMT
ՌԴ ԱԳՆ․ Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր ջանքերը շփման գծում իրավիճակի կայունացման համար

ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել «Լաչինի շրջանում և շփման գծի այլ հատվածներում իրավիճակի սրացման կապակցությամբ» և հայտարարել է, որ ռուս խաղաղապահները «գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը «հողի վրա» իրավիճակի կայունացման համար»։

«Ցավոք, կան զոհեր։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին, շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ աշխատանք է տանում երկու կողմերի հետ բոլոր կանալներով և բոլոր մակարդակներում՝ ներառյալ բարձրագույն ղեկավարությունը, և որ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի և հայ գործընկերների հետ։

«Կոչ ենք անում կողմերին դրսևորել զսպվածություն, պահպանել հրադադարի ռեժիմը։ Ելնում ենք այն իրողությունից, որ առկա հակասությունների կարգավորումը պետք է իրականացվի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստիվ պահպանելով 2020-ի նոյեմբերի 9-ի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները։

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնանան Բաքվի և Երևանի միջև դրական օրակարգի ձևավորման վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Օգոստոսի 3-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ադրբեջանական ստորաբաժանումները կիրառել են նռնականետեր և հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։

Օգոստոսի 1-ին` ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Օգոստոսի 1-ին ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկված սադրանքի հետևանքով վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Օգոստոսի 2-ին լարվածությունը պահպանվել է։