10 ապրիլի 2009 - 20:34 AMT
Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1» կայարանում կսկսվեն վերականգնողական աշխատանքներ
Գյումրի-Կարս երկաթուղու «Ախուրյան-1» կայարանում կսկսվեն ակտիվ վերականգնողական աշխատանքներ: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել տեղեկացված աղբյուրը: «Անշուշտ, նման աշխատանքներ տարվում են ամեն տարի, սակայն վերջերս դրանք առավել հաճախակի ու ակտիվ են դարձել: Առաջիկայում կայարան կբերվի հատուկ տեխնիկա եւ վերանորոգողների բրիգադ»,-ասել է աղբյուրը:

«Ախուրյան-1» երկաթուղային կայարանը գտնվում է Գյումրի-Կարս երկաթուղում: Հաջորդ կայարանը Թուրքիային սահմանակից «Ախուրյան-2»-ն է, որ վերջինն է Հայաստանի տարածքում:

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Հասան Զեյնալովը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի Ալիջան անցագրային կետում սկսվել են վերանորոգման վերականգնողական աշխատանքներ: Նրա խքոսքերով, ներկայումս նման աշխատանքներ են տարվում նաեւ Հայաստանի տարածքի սահմանային անցագրային կետերում, Թուրքիայի տարածքում ասֆալտապատվում են դեպի Ալիջան տանող ճանապարհները:

Հայ-թուրքական սահմանում խորհրդային տարիներին եղել է 3 անցակետ` Արաքսի գետի վրայով հետիոտն կամրջի մոտ, Գյումրիում եւ Մարգարա գյուղում Արարատի մարզի Արտաշատի սահմանապահ ուղեկալի մոտ: