11 օգոստոսի 2022 - 10:35 AMT
Աղավնոյից դեռ ոչ ոք չի հեռացել․ Սպասում են բնակարանների գնման հավաստագրերի

Աղավնոյում հավաքում են ճամպրուկները, սակայն 177 բնակչից ոչ ոք առայժմ գյուղից չի հեռացել՝ երկու շաբաթից գյուղն անցնելու է ադրբեջանցիներին։

Բնակիչներն ասում են, որ մինչև բնակարանի գնման հավաստագրերը չստանան, չեն հեռանալու, գրում է «Ազատությունը»։

Արցախի կառավարությունը բնակարանի գնման հավաստագրեր պիտի տա՝ 8-12 միլիոն դրամի:

«Մինչև չստանանք, չենք հեռանա», ասել են բնակիչները:

Ըստ աղբյուրի` նրանց նաև հորդորել են՝ տները կրակի չտալ, դուռ, պատուհան կտուր չհանել, թե չէ հավաստագիր չեն ստանա:

«Մենք մնալու ենք վերջին օրը դուրս գանք, տեսնենք` ինչ ա լինելու վերջին օրը։ Ոչ էլ կայրեմ, ձեռքս չի գնա, համ էլ միգուցե մի օր հետ կգանք», - ասել է բնակիչներից Անի Հովսեփյանը:

Աղավնոյի բնակիչները ենթադրում են՝ կառավարությունը ձգձգում է հավաստագրի տրամադրումը, որպեսզի իրենք կարմիր տանիքներով, գեղեցիկ, խնամված իրենց առանձնատներն անվնաս թողնեն:

«Աշխատում ենք, որ էդպես ստացվի, կարծում եմ, կստացվի», - նշել է Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Մուշեղ Ալավերդյանը:

Քաշաթաղի վարչակազմի ղեկավարն էլ չգիտի, թե երբ կլինեն այդ սերտիֆիկատները, գիտի այն, որ օգոստոսի 11-ից տեղահանվողներին կսկսեն տրամադրել գումար՝ Աղավնոյից իրերը տեղափոխելու և անձամբ հեռանալու համար։

«Կտրամադրվի 125 հազար դրամ միանվագ և երկու ամիս անընդմեջ 70,000 դրամ գումար կփոխանցվի, իսկ մեկ շնչից ավելի ընտանիքները կստանան 250,000 դրամ և նույնպես շնչի հաշվարկով 70,000 դրամ»,-ասել է նա։

Ովքեր Աղավնոյում գույք ունեն, բայց իրենք այստեղ չեն ապրում, կստանան միայն վառելիք՝ իրերը տանելու համար:

ԱՀ իշխանությունները տեղեկացրել են Բերձորի, Աղավնոյի և Սուսի բնակիչներին, որ նրանք մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։ Այդ օրը միջանցքը հանձնվելու է Ադրբեջանի հսկողությանը, որը Լաչինը շրջանցող նոր ճանապարհ է կառուցել, սակայն հայկական կողմում շինաշխատանքները դեռ չեն սկսվել։ Մինչդեռ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ 3 տարվա ընթացքում պետք է համաձայնեցնեն նոր երթուղին։

Օգոստոսի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Արցախը Հայաստանին կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելուԱդրբեջանի պահանջը լեգիտիմ չէ։

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ անթույլատրելի են ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատել, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն։ Սակայան, այս հայտարարություններից հետո, հայտարարվեց հայ բնակչության տարհանման մասին։