10 ապրիլի 2009 - 23:27 AMT
Թուրքիան կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշարին
Երեւանի «Դինամո» մարզասրահում ապրիլի 25 եւ 26-ին տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ուշուի մրցաշար: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը, այս պահին իր մասնակցությունը հաստատել են 10 երկրների թիմեր:

«Մրցաշարին մասնակցելու հայտեր են ներկայացրել նաեւ Թուրքիայի, Իրանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Լիբանանի, Սիրիայի թիմերը, Ռուսաստանի 2 հավաքականներ, այդ թվում Մոսկվայի ու Դաղստանի հավաքականները: Սակայն ակնկալվում է, որ իրենց մասնակցությունը կհայտագրեն եւս 2-3 թիմ: Մարզիկներն այս մրցաշարում հանդես կգան 2 մարզաձեւում` մարտարվեստ, այսինքն մենամարտ, եւ մարմնամարզական վարժություններ: Վերջինիս կմասնակցեն նաեւ աղջիկներ»,-ասել է Չոբանյանը:

Ըստ Չոբանյանի, այս մրցաշարը նաեւ աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախապատրաստական փուլ կարելի է համարել:

«Մենք կմասնակցենք նաեւ Ուշուի աշխարհի 10-րդ առաջնությանը, որը կանցնի հոկտեմբերի 26-30 Տորոնտոյում, եւ 2010թ. Եվրոպայի առաջնությանը: Եվրոպայի անցյալ տարվա առաջնությունում Վարշավայում մենք բավականին լավ ցուցանիշներ ունեցանք: Մեր ուշուիստները մեդալներ նվաճեցին, օրինակ, Սասուն Հայրապետյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, Սերգեյ Սեւյանն ու Կարեն Սահակյանը արծաթե մեդալակիրներ, իսկ Հարություն Սիմոնյանը, Արման Ավետիսյանը եւ Լիանա Վարդանյանը բրոնզ նվաճեցին»,-նշել է Չոբանյանը: