10 ապրիլի 2009 - 23:38 AMT
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են անհապաղ ազատ արձակել Վահագն Չախալյանին
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները (CCAF) պահանջում են անհապաղ ազատել «Միասնական Ջավախք» կազմակերպության առաջնորդ Վահագն Չախալյանին, որին վրացական դատարանը դատապարտել է 10 տարվա ազատազրկման: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ լրագրող Ժան Էքիյանը, CCAF հայտարարության մեջ ասվում է, որ «Միասնական Ջավախքի» առաջնորդին ներկայացված մեղադրանքներն ոչ մի բանով հիմնավորված չեն: «Կազմակերպության գործունեությունն ուղղված չէ Վրաստանի թուլացմանը, հակառակը, այն ուղղված է պետականության ամրապնդմանը ժողովրդավարության ամրապնդման եւ հայ փոքրամասնության իրավունքների պաշտպանության միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:

Ապրիլի 6-7 Վրաստանի Ախալցիխեի շրջանային դատարանում տեղի են ունեցել ջավախահայ ակտիվիստ, «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք» քաղաքական շարժման առաջնորդ Վահագան Չախալյանի, ինչպես նաեւ նրա հոր` Ռուբեն Չախալյանի ու կրտսեր եղբոր` Արմեն Չախալյանի գործով ամփոփիչ լսումները: Դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Վ.Չախալյանին` չփոխարինելով պատժի մի մասը տուգանքով: