7 սեպտեմբերի 2022 - 15:40 AMT
Պուտինը խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ խոսել է ԼՂ շուրջ իրավիճակի մասով Փաշինյանի հետ մշտական շփման մասին։

«Մենք մշտական շփման մեջ ենք՝ և հանդիպումներն են կանոնավոր, և հեռախոսազրույցներն ընթացիկ ակտուալ հարցերի շուրջ․․․Բնականաբար, ամենազգայուն հարցերից է իրավիճակը, կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության ապահովման հետ։ Մշտապես ենք այդ մասին խոսում, մշտական շփման մեջ ենք»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նովոստին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիվոստոկում ընթացող Արևելյան տնտեսական համաժողովում իր ելույթում նշել էր` քանի որ համաշխարհային հանրության ուշադրությունը կենտրոնացած է Ուկրաինայի վրա, Հարավային Կովկասում աճում է սրացման վտանգը։ Միևնույն ժամանակ Փաշինյանը հույս է հայտնել, որ ՌԴ և մյուս գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ-ին կհաջողվի վերահսկողության տակ պահել իրավիճակը տարածաշրջանում։

ՀՀ պատվիրակության կազմում են՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը և պաշտոնատար այլ անձինք:

Photo. Ria Novosti