10 սեպտեմբերի 2022 - 13:54 AMT
Ռուբինյանը Ռիքերին է ներկայացրել ՀՀ-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա վիճակը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը։

Ռուբինյանը անդրադարձել է այս առնչությամբ Հայաստանի դիրքորոշումներին:

Ընդգծվել է հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրագործման կարևորությունը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Երևանում տեղի ունեցած հանդիպմանը անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը վերաբերող մի շարք հարցերի, մտքեր փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ։

Բաքվում դժկամությամբ էր ընդունվել Ֆիլիպ Ռիքերի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում։ Ադրբեջանը հայտարարել էր, թե նման քայլերը «չեն կարող նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»։