19 սեպտեմբերի 2022 - 13:23 AMT
Բրայան Մեյ․ Այսօր Հայաստանին կրկին դավադրություն է սպառնում, նպատակն է աշխարհի երեսից ջնջել այդ երկիրը

Բրիտանացի երաժիշտ, լեգենդար Queen խմբի կիթառահար Բրայան Մեյը, Instagram-ում անդրադառնալով ՀՀ դեմ Ադրբեջանի ագրեսիային, «դավադրություն» է որակել այդ գործողությունը, «որի նպատակն է աշխարհի երեսից ջնջել Հայաստանը»։

«Ես խախտում եմ այստեղ իմ լռությունը, քանի որ, կարծես, հերթական ողբերգությունն է ծավալվում, և վտանգ կա, ինչպես միշտ այս օրերին, որ լրատվամիջոցները ճշմարտացիորեն չեն հայտնի այդ մասին։

Հայաստանը փոքր երկիր է, որը ոչ նավթ ունի, ոչ գազ, ոչ զգալի հարստություն, և քրիստոնեության և ժողովրդավարության կղզի է՝ բոլոր կողմերից շրջապատված բռնապետական պետություններով: Այն աշխարհի ամենախաղաղասեր երկրներից մեկն է, որը մեծ վիշտ ունի իր ողբերգական պատմության պատճառով՝ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1․2 միլիոն հայ՝ դաժան էթնիկ զտումների գործողության ընթացքում, որը Թուրքիան մինչ օրս ժխտում է: Այսօր Հայաստանին կրկին սպառնում է այն երկրի երեսից ջնջելու դավադրությունը»,-գրել է նա։

Նա նշել է, որ ընդամենը 2 օր առաջ Ադրբեջանը գնդակոծել է Հայաստանի խաղաղ սահմանամերձ գյուղերը՝ հայ ժողովրդին ահաբեկելու և երկրում իրավիճակն ապակայունացնելու նպատակով։

Մեյը հորդորել է կարդալ «Հայաստանի մեծագույն ռոք խմբի՝ System of a Down-ի պաստառը», որը նա մեջբերել է։

Մեյը գրել է նաև, որ վերջերս է ելույթ ունեցել Հայաստանում System of a Down-ի մենակատար Սերժ Թանկյանի հետ։

«Աշխարհը պետք է իմանա այս իրավիճակի մասին»,-գրել է Մեյը՝ հորդորելով այլոց ևս հրապարակել այդ գրառումը՝ հակազդելու Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից տարածվող ապատեղեկատվության, որոնք ջանում են հայերին ներկայացնել ագրեսոր։

«Աշխարհում, որտեղ իշխում է սուտը, մենք բոլորս պետք է սատարենք ճշամտրությանն ու արդարությանը»,-ասվում է գրառման մեջ:

Բրայան Մեյը Երևանում էր սեպտեմբերի սկզբին, նա մասնակցում էր Starmus փառատոնին։