20 սեպտեմբերի 2022 - 11:31 AMT
Փրայս․ Բլինքենը հորդորել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպման մասի՝ նշելով, որ Բլինքենը կոչ է արել կողմերին մինչև ամսվա վերջ կրկին հանդիպել։

Նշվում է, որ դա կողմերի միջև առաջին ուղիղ բանակցություններն էին վերջին մարտերից հետո։

«Պետքարտուղար Բլինքենը ցավակցություն է հայտնել զոհվածների կապակցությամբ և ընդգծել հետագա ռազմական գործողությունները կանխելու անհրաժեշտությունը՝ շեշտելով խաղաղ գործընթացին վերադառնալու կարևորությունը: Նրանք քննարկել են հետագա քայլերը և պետքարտուղարը հորդորել է կողմերին կրկին հանդիպել մինչև ամսվա վերջ»,-ասվում է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։