ՀՀ անկախության օրը` սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնից բերման ենթարկված ծնողներից 5 մայր ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով վարույթ նախաձեռնելու նպատակով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվելու ՀՀ գլխավոր դատախազին։
Մեր երախտագիտությունն ենք հայտնում 35 ՀԿ-ներին, քաղ․ հասարակության բոլոր ներկայացուցիչներին, անհատ անձանց՝ պանթեոնում տեղի ունեցած ոստիկանական ապօրինությունների կապակցությամբ համաչափ արձագանքի համար»,-ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ ասվել էր, որ զոհված զինծառայողների 2 մայր է վնասվածքներ ստացել։
Զոհվածների հարազատները սեպտեմբերի 20-ի երեկոյից հավաքվել էին Եռաբլուրում, որպեսզի թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցն այնտեղ։ 37 ծնողի ոստիկաններն ուժով հեռացրել են տարածքից և ոստիկանության տարբեր բաժիններ տարել՝ ճանապարհ բացելով Փաշինյանի համար։ Ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ բերման ենթարկվածներից 2 կին մարմնական վնասվածք է ստացել։
Ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։