28 սեպտեմբերի 2022 - 10:34 AMT
ԱՄՆ-ում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել են ԱՄՆ-ում։ Նրանց հյուրընկալել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը։ Նա այդ մասին տեղեկացրել է Twitter–ի իր միկրոբլոգում։

«Հյուրընկալել եմ Հիքմեթ Հաջիևին ու Արմեն Գրիգորյանին` ուղիղ և կառուցողական բանակցությունների համար։ Մենք քննարկել ենք հետագա բռնությունների կանխարգելման և կարճաժամկետ ու նպատակային բանակցությունների անցկացման կարևորությունը։ Մենք նաև կայուն և տևական խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ քայլեր ենք նախանշել»,– ասվում է գրառման մեջ։

Գրիգորյանը, որը Վաշինգտոնում է աշխատանքային այցով, ամերիկացի ներկա և նախկին պաշտոնյաների, դեսպանների, Քարնեգի հիմնադրամի և այլ վերլուծական կենտրոնների անդամների հետ հանդիպումներում ներկայացրել է ՀՀ դեմ Ադրբեջանի վերջին լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները։ ‌