7 հոկտեմբերի 2022 - 10:41 AMT
Մակրոն․ ԵՄ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Պրահայում ՀՀ, Ադրբեջանի, իր և ԵԽ նախագահի քառակողմ հայտարարությանը, նշել է, որ ՀՀ-ում, Ադրբեջանի հետ սահման գործուղվող ԵՄ քաղաքացիական առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։

«Այսօր երեկոյան Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց նվիրվածությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրին, որով փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։

Հայաստանը համաձայն է նպաստել Եվրամիության քաղաքացիական առաքելության իրականացմանը Ադրբեջանի հետ սահմանին, որը տվել է համագործակցելու իր համաձայնությունը։ Այդ առաքելության նպատակն է լինելու վստահություն հաստատել և նպաստել սահմանային հանձնաժողովների աշխատանքին»,- ասվում է Մակրոնի գրառման մեջ։ ‌