27 հոկտեմբերի 2022 - 16:58 AMT
ՀՀ գծով ՀԱՊԿ արտահերթ նստաշրջանը կանցկացվի հոկտեմբերի 28-ին

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը, որտեղ քննարկվելու են Հայաստանին օգնության միջոցները, կանցկացվի հոկտեմբերի 28-ին։ Այդ մասին հայտնել է կազմակերպությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նստաշրջանը կկայանա 2022-ի հոկտեմբերի 28-ին։ Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության աշխատանքի արդյունքները։ Նաև առաջարկվում է քննարկել ՀՀ-ին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցները»,-ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Հոկտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում և 2 հիմնական ակնկալիք ունի։ «Առաջին՝ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական պետք է տա տեղի ունեցածին, և երկրորդ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհային քարտեզ ընդունի»,-ասել է նա։